22 Օգոստոս, Եշ
Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր:
Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:
Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: Այդ պատճառով էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:
Ինքը հարցնում է և ինքն էլ պատասխանում որպես իմաստուն և փորձառու բժիշկ, որ հարցնում է հիվանդին հիվանդության պատճառների մասին, որը, սակայն, չի կարողանում պատմել, և ինքը ցավի տեսակը իմանալով և երակների շարժումը քննելով՝ գտնում է ճիշտ պատճառը և նրա առջև դնում: Նույնպես նաև այս երանելին, հմուտ լինելով հոգևոր բժշկության մեջ, հարցնում է նրանց ցավի պատճառները, և իմանալով, որ պատասխան չի ստանալու, ինքն է հարկադրվում պատասխանել և մեջբերել պատճառները: Եվ քանի որ մարդ էր և ծանոթ մեր բնությանը, և գիտեր ախտածին պատերազմի պատճառները, որ կարող է հիվանդացնել մեր բնությանը, ասում է. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ:
Ինչպես սկզբում ասացինք, նորից այդ պատերազմն է ցույց տալիս, բայց նախ քննենք, արդյոք նույն բանն են կռիվն ու պատերազմը, թե տարբեր են: Կարծում եմ, թե նույնը չեն, այլ տարբեր են, քանզի պատերազմն այն է, որ սպառազինված միմյանց են խառնվում, գործնականում խոցում են իրար և սպանում, իսկ կռիվն այն է, որ լեզվով և խոսքերով է իրագործվում՝ միմյանց հանդեպ թշնամանալով և կշտամբելով: Բայց շատ դեպքերում լինում է, որ կռվով սկսում են և պատերազմով երկարում, և այս երկուսն էլ մեր բնության մեջ են ու բնությունից դուրս:
Բնության մեջ [լինում է այնպես], ինչպես կրքերի ու վավաշոտության դեմ պատերազմում, որ սկսվում է այն ցանկության պատճառով, ինչը զորացել է մեր անդամների մեջ, և մտքին՝ մեր բնության դատավորին, գերեվարած տանում է, և ապա հոգուն անխնա խոցոտելով՝ սպանում: Իսկ խորհուրդների վեճերն ու կռիվներն ո՞վ կարող է թվարկել, քանզի խոսքի նման բազմաթիվ անգամներ վեր են բարձրանում, գործով պատերազմելով հոգու դեմ և սպանում նրան որպես դյուրահավան թշնամի և անողորմ հարևան:
Եթե ցանկանա խոսել նրա դեմ, չի կարող, անտեսելով չի հանդարտվում, չի ուզում բռնանալ նրան, իսկ նա որպես պատերազմող, վնասում է նրան, բայց նա որպես սիրելի հանդարտեցնում է նրան: Նա ատելությամբ հեռանում է նրանից, իսկ ինքը սիրով նորից գիրկն է առնում, թեև չարչարվում է նրանից, բայց խնայում է նրան, և հիվանդանալով՝ բժշկում է նրան, մերկանալով նրանից՝ հագցնում է նրան և սովամահ լինելով՝ կերակրում է նրան: Չգիտեմ, թե ինչ ողբաձայն երգեր երգեմ այս պատերազմի մասին, այս տնական պատերազմի մասին, որ հուզում է մեզ և խռովեցնում, և որ ախտավոր ցանկություններից է մեր մեջ առաջանում:
Իսկ արտաքին [պատերազմների մասին] ո՞վ կարող է ըստ արժանվույնս թվարկել, քանզի բազմազան են և տարաբնույթ թե՛ ցանկությունները և թե՛ պատերազմները, և ըստ բազմաթիվ ցանկությունների բազմաթիվ են նաև պատերազմները, ինչպես նաև կռիվները: Ուստի այլ է փառքի ցանկությունը, այլ՝ հարստության, այլ է կերակրի ցանկությունը, այլ՝ իշխանության, և նմանօրինակ այլ ցանկությունները, որոնք փոթորկի պես մեր մեջ են ընկնում և խռովքի մատնում մեր բնությանը, պատերազմներ և կռիվներ ծնում մեր մեջ՝ թե՛ ընտանիքներում և թե՛ օտարների մեջ: Արդ, երբ մեր ցանկալի բաները պակասում են, չենք կարողանում հանգստանալ և համբերել, ինչի պատճառով էլ կռիվներ ու պատերազմներ ենք առաջացնում:
Դրա համար էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ: Հոգնակի է դնում ցանկությունը, որովհետև կարծում եմ, վերջինն է ուզում ցույց տալ, քանզի առաջին՝ վավաշոտ ցանկությունը, եզակի է, թեև տարբեր մարմինների ցանկությունից տագնապում է, և բազմաթիվ անգամներ բնությունից դուրս է կատարում:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը