22 Օգոստոս, Եշ
8. Զի այր երկմիտ՝ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհս իւր:
Քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:
Բազմաթիվ անգամներ մեղադրում է չար երկմտության համար և ցույց է տալիս դրա անասելի պատուհասը, որպեսզի երկյուղես և երիցս անարգում է նրան և հեգնում:
Նախ՝ թո՛ղ խնդրի հավատով և առանց երկմտելու, ապա՝ երկմիտը նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքների, և նորից՝ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:
Տեսնո՞ւմ ես չարության գործը և բազմազան ամբարշտությունը, քանզի, ինչպես օրինակ, ասում է, թե անհնար է ծովի հանդարտության և անսասանության ժամանակ որևէ տեղ հասնելը, քանզի բնությամբ և բնությունից վեր շարունակ շարժման մեջ է և երկյուղի, այդպես նաև երկմիտ մարդը բնությամբ և բնությունից վեր իր արած բոլոր քայլերում անհաստատ է:
Տեսնո՞ւմ ես այդ գործի առավելություն. ոչ թե մի ճանապարհ ասաց, կամ երկու, այլ՝ բոլոր ճանապարհներում, այսինքն՝ ոչ մի բարի քայլի մեջ հաստատություն չունի, և սկսելուն պես անմիջապես երկմտում է ու դադարեցնում:
Ինչպիսի՜ անմտություն, քանզի եթե մարմնավոր արհեստներում գործի սկիզբը հմուտ կատարում է պահանջում և ապա նոր ստացողի համար օգտակար բան է դառնում, քանզի մեկը մյուսին չի կարող լրացնել, որովհետև այլ է հյուսնի գործը, այլ՝ դարբնինը, իսկ այն, որ սկսում է դարբինը և ավարտում է հյուսնը, ապա ստացողի համար չի կարող անպիտան իր լինել, այդպես էլ այստեղ է՝ Աստծո պատվիրանների կարգը, հետևելն ու ընտրությունը մեծ է և թեև ոսկե շղթայի պես միմյանց հաջորդում են պատվիրանները, սակայն սկսելու և ավարտելու որոշումը նրանցն է:
Այսպիսով, այստեղից հետևություն արա՛, Աստծուն սիրելը և ընկերոջը սիրելը միմյանց հետ են կապված և միմյանց լրացնում են, բայց այլ է Աստծո սիրո սկիզբը և այլ ընկերոջ հանդեպ սիրո կատարումը:
Եվ քանի որ հրամայեց սիրել Աստծուն ամբողջ հոգով, մտքով և զորությամբ (Մարկ. 12:30) և հարազատ մնալ դրա կատարման մեջ և քո ունեցած ամեն ինչը փոխել Աստծո սիրո հետ, սակայն դու իսկապես դա չգիտակցելով, սկսում ես Աստծո սիրով և վերջացնում ես ընկերոջ հանդեպ սիրով՝ այնքան սիրելով Աստծուն, որքան իբրև թե սիրում ես ընկերոջդ և այն ստացողի համար անպիտան թողնելով: Ամեն տեղ իրական կատարում է պահանջում, իսկ դրան հակառակը դատապարտում է՝ ասելով. երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:
Եվ ինչո՞ւ է այստեղ միայն տղամարդուն հանդիմանում, իսկ կնոջ մասին լռում, քանզի ահա կինն ամեն ինչում թեթևամիտ է, բոլոր գործերում շտապողական և անհաստատ քան տղամարդը և սուրբգրային բազում տեղերում վատաբանված, որը պետք է առանց քննարկելու չթողնենք:
Ինձ թվում է, թե գլուխ հաստատելով, դրա հետ նաև մարմինը հաստատեց, ըստ Պողոսի կնոջ գլուխը տղամարդն է (Տե՛ս Ա Կորնթ. 11:3): Ուրեմն, ամուսնուն դատապարտելով, դատապարտում է նաև կնոջը, ինչպես նաև հակառակը՝ երանի տալով ամուսնուն, երանի է տալիս նաև կնոջը: Այդ պատճառով էլ երանելի Հակոբոսը ցանկանալով մեզ դա ցույց տալ՝ ասաց. երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:
Սրանից հետո սկսում է պատվել խոնարհությունը, ինչպես վայել է, բոլոր առաքինությունների մորը և աստվածպաշտության հիմքին և թեև մյուս բոլոր առաքինություններն էլ աստվածպաշտության համար կարևոր են և պարծանքի արժանի, սակայն պարծանքների պարծանքը խոնարհությունն է, և ոչ մի առաքինություն չկա, որ առանց սրա իր լրումին հասնի:
Եվ քանի որ ոչ միայն մարդու համար պարծանքի արժանի պատիվ է իրապես դա ունենալը, այլև Աստծո ծայրագույն պատիվն է, որ մարդ լինելով օրինակ ծառայեց երկրի բոլոր խոնարհներին: Ըստ այդմ էլ ասում է.
9. Պարծեսցի՛ եղբայր խոնարհ ի բարձրութիւն իւր:
Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն:
Այսինքն՝ մի՛ նայիր մարդկանց նվաստությանը, այլ՝ այն գերազանց բարձրությանը, որն Աստծուց է, քանզի ասում է. «Երանի հոգով խոնարհներին» (հմմտ. Ղուկ. 6:20), նաև՝ «ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:14) և մի այլ տեղ էլ, թե՝ «խոնարհներին շնորհ է տալիս» (Առակ. 3:34):
Արդ, այսպիսի բարձրությամբ, ասում է, թո՛ղ պարծենա, ինչը խոնարհությունն է:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը