22 Օգոստոս, Եշ
22. Լինիջի՛ք առնելիք բանին, և մի՛ լսելիք միայն համարեսջիք յանձինս:
23. Զի եթէ ոք լսօղ միա՛յն իցէ բանին՝ և ո՛չ առնելի, նման է նա մարդոյ, որ պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ:
24. Զի հայեցեալ ետես զինքն, և զանց արար, և անդէն մոռացա՛ւ թէ որպիսի ոք էր:
Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը:
Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը:
22. Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեք դուք ձեզ:
Ասում է՝ հեզությամբ է պետք ընդունել խոսքը, այսինքն՝ խոնարհությամբ ունկնդրելով խոսքը, կմտապահեն այն: Եվ որպեսզի միայն լսելը բավական չհամարեն փրկության համար, ավելացնում է. խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ: Միայն լսելը, ասում է, պատվիրանը կատարել չէ, այլ ընդունելը, քանզի լսողները շատ են, իսկ պահողներն ու կատարողները՝ քիչ: Արդ, լսելով ոչ մի ջանք և քրտինք չենք թափում, և ի՞նչ կա լսելուց ավելի հեշտ: Քանզի Արարիչը բաց ստեղծեց լսելու զգայարանը և ոչինչ չի կարող խոչընդոտել լսողությանը բացի խոսքի պակասությունը: Ուստի, բերանով արտասանված խոսքը օդի միջոցով ականջներից ներս է մտնում՝ առանց որևէ աշխատանք պահանջելու, իսկ խոսքն ընդունելն ու իսկապես կատարելը մեծ աշխատանք է պահանջում, անհամար տառապանք և քրտինք:
Հետևաբար խրատում է. խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեք դուք ձեզ: Այս նույն բանը նաև Պողոսն է ասում. «որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն» (Հռոմ. 2:13): Տեսնում եք, այս երկուսի միջոցով Հոգին արտահայտում է իր միտքը և տարբեր խոսքերի միջոցով մատուցում մտքին, թե ոչ մի օգուտ չենք ստանա լսելով, եթե այն կատարողներ չլինենք, քանզի ասված խոսքերը, որ լսողությանն են բախվում և հօդս են ցնդում, ի՞նչ օգուտ կարող են ունենալ, իսկ քանի որ կատարելը իրագործել է, ապա ամեն տեսակ հոգևոր օգուտները դրանով կրկնապատկում է և հավիտյան կա ու մնում է անքակտելի, այդ պատճառով էլ լսելուն ավելացնում է կատարելը:
23. Քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նման է մի մարդու, որ ակնապիչ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը:
24. Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում-գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը:
Սոսկ լսելու անարժեքությունը ցանկանալով ցույց տալ բոլորին, նմանատիպ օրինակ է մեր առջև դնում, որ բոլոր օրինակներից տպավորիչ է և [միևնույն ժամանակ] աննշան: Տպավորիչ, որովհետև առանց նենգության է, քանզի այն պատկերն, ինչ ինքն է տեսնում, երբեք չի կարող ծածկվել, լինի դա պատվական թե անարգ: Եվ աննշան, քանզի կատարյալ պատկերն ամբողջությամբ չի արտացոլում, այլ չնչին և փոքր մասը, որպես օրինակի, ինչպես որ Առաքյալն ասաց, թե այժմ «տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ» (Բ. Կորնթ. 3:18), (իսկ այն ժամանակ՝ դեմ հանդիման), այդ պատճառով էլ ասաց. եթե մեկը միայն լսող լինի խոսքը, և դա բավական համարի արդարության կատարման համար և ջանք չթափի այն գործով իրագործել՝ նեղ և անձուկ ճանապարհով գնալով, ապա նման է նա մի մարդու, ասում է, ով չգիտե, թե ինչպիսի տեսք ունի, դեղնավուն է արդյո՞ք, կարմրած, սև կամ սպիտակ, խորը սպիներո՞վ, թե՞ խեղաթյուրված, և ապա աչքերը հառած նայում է հայելու մեջ՝ ջանալով հասկանալ իր տեսքը և չի կարողանում ճիշտ կաղմնորոշվել, քանզի ինչ տեսնում է, նիհար և նուրբ է տեսնում, և համարձակ չի խոսում դրա մասին: Հետևաբար փոքր ինչ հեռանալով դրանից՝ արագ մոռանում է իր տեսածը:
Այդ պատճառով էլ նման օրինակ դրեց մեր առջև, քանզի լսելուց առավել հայելու մեջ [սեփական] պատկերը տեսնելն է, քանզի Աստծո պատվիրանները լսելով պատկերի պես նկարագրեց այն իր մտքում՝ ոչ կատարյալ և ոչ էլ անկատար, այլ որպես ստի և ճշմարտության միջև սահման: Եթե տեսնելու պես էլ ձեռնամուխ լինի գործով խոսքի կատարմանը, ապա ճշմարիտ պատկերը նկարագրած կլինի, իսկ եթե իր տեսած օրինակին սքանչացած նայի և դրանում էլ մնա, ապա ստվեր է, և խոսքի հանդեպ մեղանչելու պատճառով մոռացել է ճշմարիտ կերպարանքը:
Սակայն խոսքն իր էությամբ նման է բնության օրինակին, այն սուրբ և ջինջ հայելի է՝ զերծ ժանգից, սուրբ և հստակ արվեստով է կազմված պատվիրանների խոսքը՝ ամեն տեսակ հակառակություններից զերծ, իմաստությամբ գործադրվող, ըստ այսմ. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են» (Սղմ. 11:7): Ինչպես որ աննենգ է հայելու բնությունը, այդպես էլ աննենգ է Աստծու բնությունը, և մարդուց ակնկալիք չունի, այլ դատում է յուրաքանչյուրին ըստ իր կերպարանքի. մեծին և փոքրին, հարուստին և աղքատին, և բոլորին էլ խնամում է՝ խրատելով և հանդիմանելով: Ոչ անպատիվ հարուստին է պատվում և ոչ էլ պատվարժան աղքատին է անարգում, այլ յուրաքանչյուրին ըստ իր գործերի է դատում՝ հայելու նման յուրաքանչյուր պատկեր ցույց տալով իր էությունը:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը