22 Օգոստոս, Եշ
Շատ դեպքերում արտաքին կրթությունը վնաս է հասցնում, որովհետև մարդու մեջ իր մասին մեծ կարծիք, «մեծ գաղափար» է զարգացնում: Իսկ հետո այդ գաղափարը պատնեշ է դառնում, որը Աստծո շնորհին խոչընդոտում է մարդուն մոտենալ: Իսկ երբ մարդը մի կողմ է նետում մեծամտությունը՝ կեղծ գաղափարն իր մասին, ապա մեր բարի ու հարուստ Հայրը նրան Իր լուսավոր աստվածային գաղափարներով է հարստացնում: Իսկ եթե խեղճ մարդն իր մասին մեծ կարծիք ունի, և այդ կարծիքը պահում է իր գլխում, ապա այդպես էլ մեծագլուխ է մնում, և Աստծո շնորհը, Սուրբ Հոգին չի ճանաչում: Այսինքն վտանգ կա, որ շատ գիտելիքները «կուռցնեն» նրա գլուխը՝ փուչիկի վերածելով: Եվ այնժամ մարդուն կա՛մ օդում փուչիկի պես պայթելու վտանգն է սպառնում (շիզոֆրենիայից), կա՛մ (հպարտությունից) գետին ընկնելու ու ջարդուփշուր լինելու վտանգը: Ուրեմն, գիտելիքը պետք է Աստծո երկյուղին հետևի և գործերի հետ ձեռք-ձեռքի տված ընթանա, որպեսզի հավասարակշռությունը պահի: Մեն միայն գիտելիքը վնասում է:
Երբ ես եսասիրությունից մղված որևէ բան եմ ասում, որպեսզի հիանան ինձնով, որովհետև ինչ որ բան ուրիշներից ավելի լավ եմ մտածել, ապա գործի են դրվում հոգևոր օրենքները, որպեսզի սթափվեմ: Սակայն մշտապես տեղի ունեցող նման եսասիրական ինքնացուցադրումը վնաս է հասցնում մարդուն: Երբ թարթիչը աչքն է ընկնում, մի քիչ գրգռում է այն: Սակայն, մշտապես աչքի մեջ ընկնելով՝ ուժեղ բորբոքում է առաջացնում: Այդպես էլ այստեղ է հոգևոր «բորբոքում» առաջանում: Եթե մարդը զուրկ չէ մտային ունակություններից և հեշտորեն է կարողանում որևէ գործ գլուխ բերել, ապա պետք է Աստծո առջև երեսնիվայր փռվի և օր ու գիշեր շնորհակալություն հայտնի Նրան, որ իրեն խելք է տվել, և ինքը կարող է առանց հոգնելու իր գործը կատարել: Մի՞թե կարելի է շնորհակալություն չհայտնել Աստծուն:
- Հա՛յր, իսկ եթե մարդը կարծում է, որ ոչինչ չի կարողանում գլուխ բերե՞լ:
- Ուրեմն բանսարկուն նրան հակառակ կողմից է գայթակղում: Մի անգամ ուղտին հարցրեցին. «Ո՞ր ճանապարհն է քեզ ավելի շատ դուր գալիս՝ բլրի վրայո՞վ, թե՞ տակով»: «Իսկ հարթ տեղանքն ո՞ւր կորավ»,- ի պատասխան հարցրեց ուղտը:
Բանականությունից զուրկ մարդիկ ավելի լավ վիճակում են գտնվում: Մեզ բանականություն է տրվել, որպեսզի ավելի լավ վիճակում լինենք մե՛նք՝ բանականներս, բայց հարց է առաջանում՝ մենք ինչպե՞ս ենք այն օգտագործում: Մեզնից հաշիվ են պահանջելու դրա համար: Աստված ամեն ինչ որքա՜ն իմաստուն կերպով է դասավորել: Նրանք, ովքեր բանականություն չունեն՝ ուրախ են և մյուս կյանքում էլ ավելի լավ դրության մեջ կլինեն, իսկ նրանք, ովքեր շատ խելք ունեն՝ տանջվում են:
- Հա՛յր, իսկ մտավոր թերզարգացած մարդիկ մյուս կյանքում թերարժեք չե՞ն լինի:
- Վերջնական արդյունքում և՛ «շատ ուղեղը» և՛ «քիչ ուղեղը» հավասարապես հողի կվերածվեն: Այնտեղ՝ Երկնքում, միտքը կլինի: Երկնքում սուրբ աստվածաբանները ավելի շահավետ դիրքում չեն լինի Աստծուն ճանաչելու առումով, քան նրանք, ովքեր այս կյանքում մտավոր թերզարգացած են եղել: Հնարավոր է նաև, որ Արդարամիտ Աստված վերջիններին ավելի շատ բան տա, որովհետև այս կյանքում նրանք շատ բաներից են զրկված եղել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի