22 Օգոստոս, Եշ
ԳԵՐԱՇՆՈՐՀ
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ
Սիրելի Սրբազան,
Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:
Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից՝ Հայոց Բեթղեհեմից, հնչող զանգերի ղողանջներն ազդարարում են Տիրոջ մարդեղության խորախորհուրդ ավետիսով արշալույսվող նոր տարվա մեկնարկը, և ձայնակից զվարթուն հրեշտակներին սաղմոսերգությամբ ու հոգևոր երգերով փառաբանում ենք աշխարհ եկած Փրկչին. «Փառք հրաշափառ Ծննդեան Քո, Տէր, զօրհնեալ եւ զփառաւորեալ զԾնունդն Քո Սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):
Փրկչական 2019 տարեմուտի սեմին Մեր խորհրդաածությունների առանցքը համազգային-հոգևոր մեր կյանքի անդաստանն է իր ձեռքբերումներով, ներկայիս դժվարություններով ու շեն ու բարօր կյանքի լուսաավոր տեսիլքով: Անցնող 2018 թվականին հայրենական մեր կյանքում տեղի ունեցած բեկումնային զարգացումները նոր մարտահրավերների հետ նաև նոր հնարավորություններ են բացել մեր ժողովրդի համար: Ներկա իրավիճակների առջև առավել ընդգծվում է մեր Սուրբ Եկեղեցու ազգահավաք ու համախմբող դերակատարությունը, նրա սրբազան առաքելությունը նպատակաուղղված հայի ինքնության պահպահությանը, հայոց քրիստոնեական ընտանիքի հիմերի ամրապնդմանը և ազգային-ավանդական արժեքների զորացմանը:
Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի Սրբազան, առավել ջանադրությամբ ու նվիրումով լծվել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, քաջալերել համայնքներում սպասավորող հոգևոր հայրերին, եկեղեցու վարչական մարմիններին նոր ու արդյունավետ ուղիներ գտնելու ի խնդիր հայրենի մեր երկրի և աշխարհասփյուռ մեր համայնքների շենացման, մեր ժողովրդի առավել լուսավոր ու պայծառ ապագայի կերտման և ազգային իղձերի ու նպատակների իրականացման: Աշխարհի չորս ծագերում ապրող ամեն հայ ընտանիքից, ամեն մի հայորդուց է սկսվում ազգային մեր միասնականությունը, բազմապատկվում մեր ուժն ու զորությունը: Արդ, կոչված ենք ջանադիր աշխատանքով բարեպաշտ մեր զավակների սրտերում միշտ վառ պահել սերն առ հայրենին և առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խրախուսել նրանց մասնակցությունը ազգային-եկեղեցական կյանքից ներս՝ առավել ջանասիրությամբ կարևոր ներդրում բերելու հանուն Հայաստան և Արցախ մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի:
Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդացյալ Տիրոջ ողորմությամբ մարդիկ ապրեն ապահով ու անվտանգ կյանքով, զերծ ամեն տեսակի բռնություններից ու չարիքից:
Թող նորածին Աստվածորդին զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին պարգևելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր թեմի և Քրիստոսահիմն մեր Սուրբ Եկեղեցուն:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԱԻՍ
Սիրո ողջունիվ և օրհնությամբ
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ