22 Օգոստոս, Եշ
Մի մարդ լսեց, որ մի ժայռի մեջ գաղտնի դուռ կա, որը ոչ բոլորի համար է բացվում: Նա ցանկացավ իմանալ, թե ինչ է դրա ետևում թաքնված և մուրճը, լինգը, հատիչն ու կացինը վերցրած՝ ճանապարհ ընկավ: Մեծ դժվարությամբ գտավ դուռը, որը միակուռ ժայռի կտորի էր նման: Ու սկսեց մտածել, թե ինչից սկսի:
Որոշեց մուրճով հարվածել, բայց դուռը նույն վայրկյանին պողպատյա դարձավ: Մարդը հատիչը վերցրեց՝ դուռը քարի վերափոխվեց: Լինգը ձեռքն առավ, բայց դուռը փայտի փոխվեց: Թափահարեց կացինը և իր առջև կրկին ժայռի կտոր տեսավ: Հուսահատվելով այդքան փորձերից, հավաքեց իր գործիքներն ու տունդարձի ճամփան բռնեց:
Ճանապարհին մի օտարական հանդիպեց նրան, որը զարմացավ՝ տեսնելով, թե որքան գործիք է իր հետ տանում մարդը: Նրա անհաջող փորձերի պատմությունը լսելով՝ ճամփորդն ասաց.
- Այդ դուռն այդպես չես բացի: Ես լսել եմ, որ եթե երեք օր պահեցողության մեջ անցկացնես դրա առջև, ապա այն ինքն իրեն կբացվի: Այդպես վարվի՛ր ու տես, թե ինչ կստացվի:
Մարդը հետևեց նրա խորհրդին և երրորդ օրվա ավարտին դուռը նրա աչքի առաջ թեթև հյուսկեն ցանցի վերածվեց, որ տարուբերվում էր քամուց: Մարդը ետ տարավ այն ու ներս մտավ: Հետո գլուխը դուրս հանեց, կոշիկները թողեց շեմին ու կրկին ներս գնաց: Դուռը փակվեց նրա ետից ու կրկին ժայռի վերածվեց:
«Որովհետև Աստված, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի. հավիտենական կյանք՝ նրանց, որ բարի գործերի մեջ, իրենց հարատև համբերությամբ, փնտրում են փառք, պատիվ և անմահություն» (Հռոմ. 2:6-7):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի