22 Օգոստոս, Եշ
Մի հարուստ մարդ ուներ այն ամենն, ինչ մարդն է ցանկանում՝ միլիոններ, դղյակներ, գեղեցկուհի կին, հարյուրավոր սպասավորներ, թանկարժեք գինիներ ու նժույգներ: Եվ այդ ամենն այնքան ձանձրացրեց նրան, որ ողջ օրը նստում էր իր շքեղ դղյակում, հոգոց հանում ու տրտնջում ձանձրույթից:
Նրա միակ ուրախությունն ուտելիքն էր: Արթնանում էր ու նախաճաշին սպասում, նախաճաշից հետո ճաշին էր սպասում, ճաշից հետո էլ՝ ընթրիքին: Սակայն այս հաճույքից էլ շուտով զրկվեց, քանի որ ուտելիքի ու քաղցրավենիքի առատությունից փչացրեց ստամոքսն ու ուտելու ցանկությունն էլ կորավ: Անվանի բժիշկներ հրավիրեց, որոնք դեղորայք նշանակեցին և խորհուրդ տվեցին ամեն օր երկու ժամ քայլել մաքուր օդում:
Եվ ահա՛ նման զբոսանքներից մեկի ժամանակ, երբ քայլում էր ու մտածում իր վշտի մասին, մի մուրացկան մոտեցավ նրան:
- Ողորմություն տուր խեղճիս, հանուն Քրիստոսի,- ասաց նա:
Իսկ հարուստն իր ցավի մասին է մտածում, որ ուտելու ցանկություն չունի և չի լսում աղքատին:
- Խղճա ինձ, պարո՛ն, ողջ օրը ոչինչ չեմ կերել:
Հարուստը կանգ առավ:
- Ուտել ես ուզո՞ւմ,- հարցրեց նա:
- Այն էլ ինչպե՜ս, պարո՛ն:
«Երջանիկ մարդ»,- մտածեց հարուստն ու նախանձեց աղքատին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի