22 Օգոստոս, Եշ
Երբ ես փոքր էի, ինձ այնքա՜ն էր օգնում եկեղեցի հաճախելը: Տարրական դասարաններում շատ լավ ուսուցիչ ունեինք: Նա նույնպես օգնում էր մեզ, հունական ազգային երգեր և շարականներ էր սովորեցնում: Կիրակի օրերին երգում էինք եկեղեցում՝ «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստված»…
- Աղջիկներն էլ էին երգո՞ւմ:
- Այո, բոլոր երեխաները միասին երգում էին: Առաջ եկեղեցին դպրոցի մոտ էր, և մենք եկեղեցու բակում էինք խաղում: Տոներին ուսուցիչները մեզ եկեղեցի էին տանում, նույնիսկ դասերի ժամանակ: Ուսուցիչը նախընտրում էր դասաժամը կորցնել, որպեսզի երեխաները աղոթեն ժամերգության ժամանակ: Երեխաներն այդպես սովորում էին, սրբագործվում, գառնուկներ դառնում: Մեր ուսուցիչներից մեկը հրեա էր, բայց նա մեզ Աստծո Օրենքը չէր սովորեցնում, մեկ այլ ուսուցչուհի էր գալիս այն դասավանդելու: Սակայն, հրեա լինելով հանդերձ, այդ ուսուցիչը մեզ մինչև եկեղեցի տանում էր: Իսկ հետո բոլոր երեխաները հեզ ու լուռ կանգնում էին ժամերգությանը:
Իսկ այսօր երեխաներին հեռացնում են Եկեղեցուց, և ես տեսնում եմ, թե նրանք ինչպես են կատաղել: Քանի որ եկեղեցում նրանք հանդարտ ու բարի երեխաներ են դառնում, որովհետև երեխան եկեղեցում Աստծո օրհնությունն է ստանում, սրբվում է: Այժմ երեխաներին թույլ չեն տալիս եկեղեցի գնալ, որպեսզի նրանք «հոգևոր ազդեցության տակ չընկնեն», բայց միևնույն ժամանակ նրանց չեն պաշտպանում ամեն տեսակի հիմարություններից: Եվ ոչ միայն չեն պաշտպանում, այլև տարատեսակ բարբաջանքներ են սովորեցնում: Ախր մի՞թե հասկանալի չէ, որ եթե երեխաներն իսկապես «հոգևոր ազդեցության» տակ ընկնեն, ապա ի վերջո անկարգություններ չեն անի, խելամիտ և ուսման մեջ ջանասեր երեխաներ կլինեն, այլ ոչ թե այնպիսի խելառ ու անհավասարակշիռ, ինչպիսին այժմ են: Իսկ մեծանալով՝ Եկեղեցում ապրող երեխաները իրենց հայրենիքի գիտակից քաղաքացիները կդառնան: Նրանք վատ ընկերախմբերի, թմրանյութերի հետ չեն կապվի, չեն վերածվի անպետք մարդկանց: Մի՞թե բոլոր վերոնշյալները բավարար պայման չեն, որպեսզի նրանք կարգին մարդիկ դառնան: Մի՞թե նրանք, ովքեր նրանց հեռացնում են Եկեղեցուց, կսկսեն նույնիսկ դա ժխտել: Մի՞թե թքած ունեն դրա վրա:
Բայց այսօր նրանց նպատակը երեխաներին Եկեղեցուց հեռացնելն է: Երեխաներին թունավորում են, զանազան տեսություններով վարակում, սասանում են նրանց հավատը: Նրանց խոչընդոտում են բարի գործերում, որպեսզի անպիտան դարձնեն: Նրանց փոքր հասակից քայքայում են: Եվ բնական է, որ երեխաները գառնուկներից փոքր այծերի են վերածվում: Հետո նրանք սկսում են իրենց արարքներով սարսափեցնել ծնողներին, ուսուցիչներին և նրանց, ում թելադրանքով այդպես են իրենց պահում: Երեխաներն ամեն ինչ տակնուվրա են անում՝ ցույցեր են կազմակերպում, դպրոցներ գրավում, հրաժարվում են պարապմունքներին մասնակցել: Բայց ի վերջո խելքի կգան նաև նրանք, ովքեր երեխաներին չարին են դրդում, երբ նրանց կողմից փչացրած երեխաները կհասնեն այնտեղ, որ կսկսեն իրենց չար ուսուցիչների որովայնները պատռել:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի