22 Օգոստոս, Եշ
Գյուղում լուր տարածվեց, որ շուտով եպիսկոպոսն է ժամանելու: Որոշեցին մեծ պատվով ընդունել նրան: Հասավ երկար սպասված օրը: Սարկավագը երկաթուղային կայարան մեկնեց: Ժամանողները քիչ էին: Առաջին վագոնից հասարակ հագուստով մի ծերուկ իջավ: Սպասեց կառամատույցին, սակայն ոչ ոք չմոտեցավ նրան: Անցորդներից հարցրեց, թե ինչպես կարող է գյուղ հասնել ու գնաց ցույց տված ուղղությամբ:
Արդեն կես ժամ քայլում էր, երբ ձիու սմբակների ձայն լսեց ետևից: Շրջվելով՝ տեսավ քառանիվ սայլակառքին լծված սլացող ձիերին, որ մի երիտասարդ էր վարում:
- Ահա և օգնությունը,- մտածեց ծերունին ու ձեռքը բարձրացրեց:
- Ի՞նչ ես ուզում, ծերո՛ւկ,
- Մինչև գյուղ չե՞ք տանի,- հարցրեց օտարականը:
- Ինքդ էլ կհասնես, այնքան էլ հեռու չէ:
- Շնորհակալություն,- հեզությամբ պատասխանեց ծերունին:
Ձիերն առաջ սլացան, և վերադառնալով եկեղեցի, սարկավագն ասաց հոգևոր հովվին.
- Եպիսկոպոսը չեկավ:
- Երևի ինչ-որ բան է պատահել, եթե չկարողացավ գալ:
Ծերունին երեկոյան հասավ գյուղ: Կռունկով ջրհոր տեսավ և դրա մոտ գիշերեց: Առավոտյան նրան արթնացրին ջրի եկած կանայք: Օտարականը հարցրեց, թե որտեղ են ապրում քրիստոնյաները:
- Այստեղ բոլորը քրիստոնյա են,- եղավ պատասխանը:
Եվ ծերունին գնաց գյուղ՝ ողորմություն խնդրելու: Մեկը կարտոֆիլ էր տալիս, մյուսը՝ մի կտոր չորահաց: Ծերուկը վերցնում էր ողորմությունն ու տվողի անունը գրում վրան:
Մուրացկանը երեկոն եկեղեցու մի անկյունում անցկացրեց: Ժամերգությունից հետո քահանան շնորհակալություն հայտնեց Տիրոջը ողորմածության համար: Տիրոջը շնորհակալություն հայտնեց նաև չքավոր ծերունին:
Համայնքի անդամները հուզված էին դուրս գալիս եկեղեցուց: Աղքատ ծերուկի կողքով անցնելիս՝ ասում էին.
- Տերը քեզ հետ լինի:
Եկեղեցին գիշերը փակեցին: Ծերուկը գնաց կռունկով ջրհորի մոտ գիշերելու:
Այդպես շարունակվեց երկու օր:
Երրորդ օրը, երբ բոլորը հավաքվեցին եկեղեցում, Պատարագն սկսվելուց առաջ մուրացիկ ծերուկը դուրս եկավ անկյունից, մոտեցավ Սուրբ Սեղանին, բացեց խուրջինն ու սկսեց հանել բորբոսնած հացի կտորներ, կարտոֆիլի մնացորդներ և այլ ոչ այնքան հրապուրիչ ուտելիք:
Այն սարկավագը, որ կայարան էր գնացել, այդ տեսնելով գնաց ծերունու կողմը՝ կարգ ու կանոն հաստատելու…
Մուրացկանը աներեր ու ազդու ձայնով ասաց.
- Այսօր ե՛ս եմ մատուցելու Պատարագը: Ես այն եպիսկոպոսն եմ, որին սպասում էիք:
Եկեղեցում քար լռություն տիրեց:
Իսկ եպիսկոպոսը շարունակեց.
- Այժմ ես քարոզ կխոսեմ «Կիսի՛ր հացդ սովածի հետ» թեմայով:
Վեր բարձրացնելով բորբոսնած հացի կտորն ու տվողի անունն արտասանելով, որը ունևոր մարդ էր, դիմեց նրան՝ հարցնելով.
- Մարդը կարո՞ղ է քո տված ողորմությամբ ապրել: Նայե՛ք, եղբայրնե՛ր և քույրե՛ր:
Տվողի դեմքը կաս-կարմիր կտրեց: Հիշեց Քրիստոսի խոսքերը. «Ինչ որ մերձավորիդ արեցիր՝ Ինձ արեցիր…» Եվ. «Հեռո՛ւ գնացեք Ինձանից…»
Եպիսկոպոսն արդեն կարտոֆիլի մի կտոր էր բռնել ձեռքում: Մեկ այլ մարդու անուն էր հնչում…
Ուտելիքի նորանոր մնացորդներ հանելով, եպիսկոպոսն անուններ էր արտասանում:
Վերջում լավ ուտելիքով լի երկու ծանր կապոց հանեց: Դրանք երկու բազմազավակ ընտանիքներ էին տվել:
Կյանքում առաջին անգամ հարուստներն ուզում էին այդ աղքատների փոխարեն լինել: Ոմանք սկսեցին արդարացումներ փնտրել՝ ասելով, թե՝ մարդկային բնությունն է այդպիսին: Սակայն վերջին երկու կապոցը ստիպեցին նրանց ցնցվել: Քչերը կարողացան զսպել ամոթի դառը արցունքները:
- Ոչինչ,- սկսեց մխիթարել նրանց հուզված ու վատը մոռացած եպիսկոպոսը,- ես շատ ուրախ եմ, որ Տերը սթափեցրեց ձեզ:
Հոգևոր հովիվը հյուրին հարցրեց.
- Իսկ որտե՞ղ գիշերեցիք:
- Կռունկ եղբոր մոտ,- պատասխանեց նա:
- Դա ո՞վ է,- չհասկացավ քահանան:
- Կռունկով ջրհորը դարձավ եղբայրս՝ գիշերելու տեղ տալով ինձ:
Եպիսկոպոսի այցի մասին հիշողությունները երկար պահպանվեցին: Մի՞թե կմոռանաս նման բանը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը