22 Օգոստոս, Եշ
Նոյեմբերի 7-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Բաբայանի նախաձեռնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ուխտագնացությունը, ինչպես նշեց հայ եկեղեցու պատմության մանկավարժը, նաև ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտներն անձամբ կարողանային տեսնել եկեղեցու կառուցվածքը, ծանոթանային աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և զգեստներին: Տեր Վահան քահանա Առաքելյանը ողջունեց աշակերտներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Միասնական աղոթքից հետո Տեր Հայրը աշակերտներին նախ ծանոթացրեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանը, ապա՝ եկեղեցու կառուցվածքին: Ճանաչողական դասը տպավորել էր աշակերտներին. մինչ աստվածապաշտական որևէ գրքի, եկեղեցական սպասքի և զգեստի խորհրդի մասին խոսելը, Տեր Հայրը նախ ցույց էր տալիս այն, ապա ներկայացնում տվյալ գրքի, սպասքի և զգեստի խորհուրդը, գործածության ժամանակը և կերպը: Այն, որ աշակերտների հետաքրքրության դաշտը ընդլայնվել էր, վկայում էին նրանց բազմաթիվ հարցերը՝ ուղղված Տեր Հորը:
«Կարևոր է, որ ձեր սովորածը հիշեք և արժևորեք՝ որպես ազգային և հոգևոր ժառանգություն: Այդ արժեքների կրողը դուք եք, դուք պետք է պահեք մեր սրբությունները՝ ապրելով ձեր կյանքը՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, որպես ազգի և հայրենիքի պիտանի զավակներ՝ հնազանդվելով ձեր ծնողներին և մանկավարժներին: Աստված սիրում է բոլորիդ և ցանկանում է ձեզ տեսնել առողջ, ուրախ և երջանիկ»,- ասաց Տեր Վահանը՝ հորդորելով, որ չմկրտվածները մկրտվեն՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիարժեք զավակները դառնալու համար:
Աշակերտուհի Ասյա Հարությունյանի համար օրը շատ ուսուցողական էր. «Ծանոթացա եկեղեցու կառուցվածքին, սպասքին, գրքերին և զգեստներին, աղոթեցի: Չգիտեի, որ խորան կարող են բարձրանալ միայն հոգևորականները և որ այնտեղ է գտնվում Սուրբ սեղանը: Ամեն անգամ մեծ հավատքով եմ մտնում եկեղեցի՝ վստահ լինելով, որ Աստված կկատարի իմ իղձը և նպատակը»:
Ծնողների և դաստիարակների առաջին պարտականությունն է «թույլ տալ երեխաներին և չարգելել նրանց» (Մատթեոս 19:14), որ գան եկեղեցի: «Մարդն, իր մանկությունից սկսած, իր սրտի գանձարանում հետզհետե ընդունում է թե՛ բարին, թե՛ չարն ու ինչ ընդունում է նախապես, միայն այն է արտաբերում դուրս՝ թե՛ բարին, թե՛ չարը նույն կերպ» (Խրիմյան Հայրիկ):
Կարինե Սուգիկյան