22 Օգոստոս, Եշ
«Դիվահարների բժշկումը» տեսարանի պատկերագրական նմուշներ է ներկայացված Մատենադարանի № 7651 ձեռագրում: Մատթեոսի ավետարանում (8:28-34) խոսվում է երկու, Մարկոսի (5:1-20) և Ղուկասի (8:26-39) ավետարաններում՝ մեկական գերգեսացի դիվահարների մասին, որոնք բնակվում էին գերեզմանների մոտ: № 7651 ձեռագրում բացակայում են Մարկոսի և Ղուկասի մոտ հիշատակված շղթաները և ոտնակապերը, որ դիվահարը մոլեգնած խորտակում է: Փոքր ֆրիզաձև մանրանկարների հեղինակը դիվահարներին ներկայացրել է կիսամերկ և ոչ թե մերկ: Բացակայում են նաև դիվահարների բերանից դուրս եկող դևերը: Միշտ ձախում Քրիստոսն է պատկերված, աջում՝ դիվահարները: Դիվահարները խոնարհված են Տիրոջ առջև, ազդրերին շոր փաթաթած, մեկ այլ նկարում՝ ծնկաչոք, մարմինը փաթաթած շորով: № 7651 ձեռագրի երեք նկարներից երկուսը բաղկացած են երեք փուլից՝ ա) Քրիստոսը և դիվահարը. բ) ապշահար խոզարածները և ծովը թափված դիվահարված խոզերը. գ) Քրիստոսը աշակերտի հետ նավի մեջ է և ծովի վրա: Վերջին տեսարանը փաստորեն բժշկության տեսարանին չի վերաբերում, այլ զուտ սյուժետային հաջորդականության: Տարբեր է ձեռագրի մյուս՝ երրորդ նկարը, որ զուտ կենտրոնացած է բժշկության տեսարանի վրա:
Հանդիպում ենք նկարների, որտեղ պատկերված է Քրիստոսը և դիվահարը, վերջինիս բերանից դուրս է գալիս դևը: Կան նկարներ էլ, որտեղ պատկերվում են դիվահարները, խոզերն էլ ծովի մեջ: Այդպիսի պատկերագրական նկարաձևի ենք հանդիպում Սարգիս Պիծակի «Բժշկության ավետարանում». մի էջում տեքստի մեջ պատկերված է այն պահը, երբ Քրիստոսը դիվահարից դուրս է կորզում այսերին, իսկ հաջորդ էջում այսերը մտնում են խոզերի երամակի մեջ, որոնք կատաղած ծովն են նետվում, իսկ խոզարածները ահաբեկված՝ կենդանիների այդ տարօրինակ արարքից, ծովի հակառակ ուղղությամբ փախչում են: Հանդիպակած էջերում տեքստը պատմում է այդ երկու դրվագը, իսկ պատկերները վերարտադրում են դրանք:
Սարգիս Պիծակը միշտ էլ գտնում է նրբին մի եղանակ՝ իր կերպարներին հաղորդելու կենդանի հույզ՝ նրանց հանդեպ հարուցելով սեր և կարեկցանք: «Բժշկության ավետարանի» դիվահարներին նկարիչը պատկերել է ծնոտը սրված, քիթը խոշոր, ճակատն էլ նեղ: Պիծակն այդպիսի պրոֆիլով է օժտել այն պերսոնաժներին, որոնց մեջ դև է մտել:
Հրաշագործությունների շարքում կիլիկյան մանրանկարիչների մոտ դիվահարի փրկության դրվագում Տիրոջ ձեռքի հրաշագործ շարժումով պիղծ ոգիները դուրս են թռչում նրա բերանից: Դրանք երբեմն լինում են չղջիկների տեսքով, երբեմն էլ՝ սողունի մարմնով, միայն թե վայրի թռչնի գլխով:
«Բժշկության ավետարանը» ուշագրավ է ոչ միայն իր թեմատիկայով, այլև՝ բարձր արվեստով: «Երկու դիվահարների բժշկումը» ձեռագրի ամենագեղեցիկ պատկերազարդ էջերից մեկն է: Էջի վերևի մասում՝ ձախից նկարված են Պետրոս առաքյալը և Հիսուսը, իսկ աջից՝ երկու դիվահարներ: Էջն այնպես է դասավորված, որ ցածի մասից մինչև նրա կեսը բարձրանում է տեքստը, ապա այն երկու կողմից սեղանաձև հատվում է՝ ձախում առաքյալի և Հիսուսի, աջում՝ երկու դիվահարների նկարներով: Ձախում Հիսուսի ֆիգուրը ծածկում է առաքյալին գրեթե կեսից, աջում՝ երկու դիվահարները նկարված են կողք-կողքի: Նկարում չկա ոչ մի կողմնակի զարդ և ավելորդ խորհրդանիշ: Հանդիպակած էջում միայն տեքստն է, և դա դյուրացնում է նկարի ընկալումը, շեշտում՝ նրա բովանդակությունը: Գույները ցայտուն են: Դեղին-կանաչ-կապույտ-կարմիր միացությունը ոսկու հետ է տրված: Ձախակողմյան դիվահարի հագուստի կարմիրի և կապույտի հնչեղությունը խլացվում է աջակողմյան դիվահարի հագուստի մեղմ վարդագույնի ու դեղնականաչի հարևանությամբ:
Նկարի ձախ խումբը Հիսուսն է առաքյալներից մեկի (Պետրոսի) հետ: Առաքյալը հագել է ոսկեշող պարեգոտ և կապույտ տունիկա: Գլխի ու մարմնի մոտավորապես 1/5 անկանոն համամասնությունը խիստ չի զգացվում, որովհետև ֆիգուրը վարպետորեն է նկարված: Պիծակը սիրում է թեթևակի նշել ուրվագիծը, որոնք ամբողջացնում ու եզրափակում են ֆիգուրը: Գլուխը, մազերը, մորուքը ուրվագծված են սևով և մուգ դարչնագույնով, բայց բարձր ճաշակով ու նրբությամբ, հատկապես աչքերի, հոնքերի և առհասարակ դեմքի վրա: Առաքյալի դեմքին պահպանված է մագաղաթի գույնը: Դեմքը երեք քառորդով թեքված է աջ՝ դեպի Հիսուսը: Աչքերի կոպերի համար նկարիչը երբեմն օգտագործում է կարմիրը, բայց այնքան բարակ ու նուրբ, որ այն միաձուլվում է աչքի սևի հետ: Նուրբ կարմրով նշվում է նաև բերանը՝ մորուքի ու բեղերի միջև: Քթի ստվերը նշված է մեղմ կապտավունով, իսկ լուսավոր մասը նկարիչը թողել է մագաղաթի գույնը: Այտերի մոտ մաշկի թեթևակի լոկալ գույն է դրված: Մազերը և մորուքը սպիտակավուն են՝ ոճավորված գանգուրների տեսքով, որ հավանաբար գալիս է անտիկ շրջանից՝ բյուզանդական մշակումով: Մազերի ալեխառնությունն ստացվել է բաց գորշավուն, սպիտակ և սև բծիկներով ու գծիկներով, ընդ որում, ամենից նուրբ ու բարակ նշված են սպիտակները:
Հիսուսի կերպարանքը, ինչպես ասվեց, ծածկում է առաքյալին: Նա մեղմ, բայց թեթև ու ճկուն շարժման մեջ է: Հիսուսի գլխի և մարմնի 1/4 համամասնությունը ավելի անկանոն է, քան առաքյալինը: Բայց այդ «անկանոնությունը» չի զգացվում, որովհետև կերպարանքը նկարված է մեծ վարպետությամբ: Նրա շագանակագույն մազերը ասես «շարունակվում» են իբրև բաց մելանագույն պատմուճան: Տունիկան զրնգուն կապույտով է նկարված: Հիսուսի աչքերի արտահայտությունը սևեռուն է:
Հիսուսի առաջին պլանի (աջ) ոտքը մի փոքր ետ է քաշված: Այդ պատճառով պարեգոտի վրա առաջացել են նուրբ ծալքեր՝ նշված բարակ սպիտակ գծիկներով: Նա աջով սաստում է դևերին, իսկ մեկնված ձախ ձեռքի թևքից գեղեցիկ ծալքերով իջնում է պարեգոտի ծոպը: Ուրվագծերը տարբեր գույներով են:
Ավելի ակտիվ շարժման մեջ են դիվահարները՝ հատկապես կտրուկ գույների շնորհիվ, որոնք ավելի են շեշտում դիվահարությունը, քան դեմքերի արտահայտությունները: Նրանց զգեստները յուրահատուկ են: Աջակողմյանի ձախ թևքը և աջ ոտքը ծածկված է խուլ վարդագույն, կրծքի խորքի մասը և առաջին պլանի ոտքը՝ կանաչ, դեղնախառը ուժեղ և տաք ծալքերանգներով: Ձախակողմյան դիվահարի հագուստին կապույտի և ալ-կարմիրի նույնօրինակ հարաբերություն է: Նրանցից դուրս եկող դևերը մոխրագույն են՝ թռչնակերպ, մուգ սևավուն գծերով նշված փետրաձևերով: Դևերը դուրս են գալիս դիվահարների բերանից: Դիվահարները ծնկաչոք ասես սահում են դեպի Փրկիչը, ձեռքերն առաջ մեկնած: Նրանց դեմքերը ավելի անկանոն են նկարված: Անմորուք են, շագանակագույն մազերով, աջ դիվահարի մազերի վրա դրված են սև երանգներ: Այս պատկերի ֆիգուրներում ծանրություն չի զգացվում, նրանք բոլորն էլ սահում են ինչ-որ վակուումային տարածության մեջ, որ մագաղաթի ֆոնն է:
Ձեռագրի մյուս էջերում արդեն վարպետը պատկերել է դիվահարի բժշկման միևնույն պատմության տարբեր փուլերը: Այդ իմաստով, անկախ պատկերման եղանակից, նկարներին տրվել է պատմողական բնույթ: Մի էջում պատկերված է այն պահը, երբ այսահարը՝ Հիսուսին տեսնելով հեռվից «ընթացաւ և երկիր եպագ նմա. աղաղակեաց ի ձայն մեծ և ասէ. Զի՞ կայ իմ և քո, Յիսուս որդի Աստուծոյ բարձրելոյ. երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած, մի՛ տանջէր զիս»: Մյուս՝ հանդիպակաց էջում պատկերված է այն պահը, երբ Հիսուսն արձակում է նրա միջի դևերին, որոնք «մտին ի խոզսն, և դիմեաց երամակն ի դարէ անտի ի ծովն…Եվ խոզարածքն փախեան, և պատմեցին ի քաղաքին և յագարակս…» (Մարկ. 5:1-14):
Մեկ այլ էջում նկարն արված է տեքստի վերևում: Հիսուսը երկու պիղծ այս (դև) է հանում դիվահարից: Նրա կիսաֆիգուրը մեջքի կողմից հավասար բարձրանում է տեքստի հետ՝ չխախտելով լուսանցքը: Միայն լուսապսակի սկավառակն է մասամբ անցնում լուսանցքի դաշտը: Հիսուսի գլուխը պատկերված է սովորական երեք քառորդ դիրքով: Քիթը և աչքերը ներկայացված են թեթև լույս և ստվերի միջոցով, սրճագույն պարեգոտի ծալքերը՝ նշված սպիտակ, ճաշակով նրբագծված գծիկներով: Եվ այդ գծիկները թեզանիքի կապույտ, պինդ ծեփված ճերմակափայլ ծալքերի հետ մտնում են գրավիչ ռիթմիկ խաղի մեջ: Ձեռքերը նուրբ են: Կանգունի չնչին կորությամբ նկարիչն ստեղծում է փափկության և ճկունության պատրանք: Աջը օրհնության ժեստ ունի: Ձախով բռնել է կարմիր փաթեթ:
Այսահարը պատկերված է ծնրադիր: Գլխի և մարմնի փոխհարաբերությունը բավականաչափ կանոնավոր է, մարմինը՝ բարեձև, ունի փափուկ կապտա-դեղնավուն ստվերաձևեր և ուրվագծեր, որոնք մարմնին փղոսկրյա փայլ են տալիս:
Ի դեպ, այս ձեռագրում ևս Պիծակը նկատելիորեն խուսափում է կտրուկ շարժումներից, գունախաղերից՝ միշտ պահպանելով զուսպ կեցվածքներ: Ֆիգուրների համար նկարիչը տեքստում բաց է թողնում ուղղանկյունաձև «պատուհաններ»: Մի ուղղանկյուն բացված է այսահարի հորիզոնական ծալված ոտքերի տեղադրման, երկրորդը՝ մարմնի, երրորդը՝ նրա գլխի և այսերի տեղադրման համար: Մի ուղղանկյուն, որ ձախից հատում է տեքստը, ընդգրկում է Հիսուսի կիսանդրին: Վերջապես մեկ այլ ուղղանկյուն բացված է դիվահարի ձեռքերի տեղադրման համար:
Այսահարը հագել է վարտիք՝ կապտավուն երանգի, որը մոտենում է սպիտակի հետ խառնված ուլտրամարինի: Ծալքերի կոնտրաստներն այստեղ այնքան ուժեղ չեն, ինչպես Հիսուսի թեզանիքում: Նրա գլուխը եռանկյունաձև է, թուխ մազերով: Գլխի եռանկյունի ձևը կազմվում է մորուքի շնորհիվ: Այն իր հերթին առնված է մեկ ուրիշ, շատ ավելի մեծ եռանկյան մեջ, որ նրա հետ կազմում են երկու կողմից ելնող այսերը:
Պիղծ ոգիներն ունեն թևավոր երեխաների կերպարանք, նկարված են մոխրագույն-սպիտակ գծիկներով ու սև, համեմատաբար հաստ, կոպիտ ուրվագծերով: Թևերի գլխամասերը ծեփված են սպիտակով: Դրանք այլանդակ, դեգեներատ երեխաներ են, որ իրենց այլանդակությամբ, կոպտությամբ հակասության մեջ են Հիսուսի և դիվահարի նրբագեղ ֆիգուրների հետ:
Սարգիս Պիծակի նկարազարդած ձեռագրի մեկ այլ էջում պատկերված նկարն ավելի պայմանական է: Աջում ոսկեգույն կորագծերով շրջանակված մակերեսում բաց և մուգ կապույտներով ալիքաձև գծեր են, որոնք ծով են նշանակում, իսկ կապույտով և սպիտակով արված պարույրները՝ ալիքներ ու փրփուրներ: Այս մակերեսի մեջ կան կարմիր օխրայով, մուգ մոխրագույնով արված զանգվածներ, հորիզոնական դիրքով շարված միմյանց վրա, որոնք նման են գետաձիերի: Դրանք բարձունքից ծովն ընկած խոզերն են, որոնց մեջ էին մտել դիվահարից դուրս նետված այսերը: Թեթև սև բծիկները, որ արված են կարմիր խուլ օխրայի զանգվածների վրա, ակնարկում են խոզի մազերը: Սև խոզերի վրա նշված են սպիտակ կետերով մանր աչքեր, կարմրավուն խոզերի աչքերը՝ սև և փոքր-ինչ բաց գույնով կոր բծեր: Նրանց վրայով ևս անցնում են կարմրասպիտակավուն ալիքաձև գծեր:
Ծովային այդ «խորհրդանիշից» աջ նկարված են երկու խոզարածներ, որոնք, ահաբեկված անսովոր տեսարանից, խուճապահար հեռանում են ծովի հակառակ ուղղությամբ: Նրանցից մեկը մանկադեմ է, մյուսը՝ երիտասարդ, փոքր մորուքով: Նրանք երկուսն էլ ունեն նույն շարժումը, երկուսն էլ, չնայած նկարի եղծվածությանը, ասես վերցված են իրականությունից, հատկապես հասակավորը, որի մազերի տակից երևում է բացվող ճակատը, հոնքերը վեր են քաշած, աչքերն ունեն նեղ կտրվածք, որ տալիս է փոքր-ինչ քնատ տեսք:
Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու նկարազարդած № 3717 Ավետարանում հատկապես հետաքրքրական են դիվահարի և լալկանների կերպարների պատկերագրական ու գեղարվեստական մեկնաբանությունները: Առաջինը չափերով բավական մեծ է, ոտքերն ու ձեռքերը կապված են, մարմինը ներկայացված է անբնական ու ջղաձիգ անկման մեջ, մազերը երկար են ու խռիվ: Նմանատիպ մազերով են նաև լալկանները: Ակնհայտ է, որ Հովհաննես Խիզանցու օգտագործած գաղափար օրինակի պատկերագրությունը նրանց և դիվահարի միջև հավասարության նշան է դնում: Դա պատահական չէ: Միջնադարում լալկանների նկատմամբ բացասական վերաբերմունք կար: Համարվում էր, որ այդ «մասնագիտությունը» էությամբ հեթանոսական է:
Կազմեց Գայանե Սուգիկյանը