22 Օգոստոս, Եշ
Գնաց հայր Պիմենը եգիպտացիների կողմը և այնտեղ բնակվեց որոշ ժամանակ: Գտավ այնտեղ մի եղբոր, որը նրա բնակատեղիին մոտ էր բնակվում, և որի խցում կին կար: Ծերը, սակայն, չհանդիմանեց նրան: Գիշերով բռնեցին այն կնոջ երկունքի ցավերը: Երբ ծերն իմացավ այդ, իր աշակերտին ասաց. «Դու կժով գինի կվերցնես և կտանես մեր մերձավոր եղբորը, քանզի նա այսօր դրա կարիքն ունի»: Եվ աշակերտները չհասկացան ծերի արարքը: Իսկ երբ տեսավ եղբայրը ծերի մարդասիրությունը, որ փոխանակ հանդիմանության` սեր առաքեց իրեն գթալով, դրանից ազդված` զղջաց եղբայրը և խիստ ապաշավեց իր արարքի համար: Եվ մի քանի օր անց տվեց կնոջը՝ ինչ ուներ և ուղարկեց գյուղ, իսկ ինքը սենյակ շինեց` ծերի սենյակին մոտ, և նրան աշակերտելով` միշտ սովորում էր նրանից: Մեղքերն ապաշխարելով՝ կատարյալ սուրբ դարձավ, և այնտեղ էլ վախճանվեց եղբայրը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016