22 Օգոստոս, Եշ
Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Այսօր որդիական պարզ սրտով փառաբանում ենք Երկնավոր Հորն ու երախտագիտություն հայտնում Ձեր երկրավոր ծնողներին՝ Մայր հայրենիքին քաջասիրտ ու անձնվեր զավակ, և Մայր եկեղեցուն իմաստուն ու բարեխնամ հոգևորական պարգևելու համար: Որքան էլ հեզ ու զուսպ լինի Ձեր ընթացքը, որքան էլ այն խոնարհությամբ պարուրվի, գործերն անկարող են լռել, և Արարատյան հայրապետական թեմի եռուն և օրեցօր ծաղկող կյանքն ասածիս խոսուն ապացույցն է:
Աղոթք ենք վերառաքում առ Բարեգութ Հայր՝ հայցելով Ամենակալի անբավ օրհնությունները, որպեսզի դրանցով ուղեկցվի Ձեր տիրավանդ ու եկեղեցանվեր ընթացքը՝ հայրական վառ օրինակ հանդիսանալով Ձեր հոգեզավակների ու թեմի հավատացյալ հոտի համար:
Թող Տիրոջ ամենազոր աջը պահապան լինի Ձեզ՝ խնդիրներով ու խոչընդոտներով լի, բայց և քաղցր ու հոգեշահ աստվածանիշ ճանապարհին, սիրելի՛ Սրբազան հայր, և բազում քաջառողջ ու աստվածային ջերմությամբ լի օրեր պարգևի Ձերդ Սրբազնությանը:
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ