22 Օգոստոս, Եշ
Մարտի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Վայոց Ձորի սրբավայրեր: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքից հետո թվով քառասուն ուխտավորներն անցան այս տարվա իրենց առաջին աղոթքի ուղին, որ համահունչ էր օրվա՝ Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիի խորհրդին, թե անհրաժեշտ է հարատև, ամեն ժամ և անձանձրույթ աղոթել:
«Մեծ պահքի ընթացքում մեր ուխտի ճանապարհը հավատի մեջ առավել ամրանալու և զորանալու կարևոր նպատակ է հետապնդում, որպեսզի մեր հոգևոր էության վերականգնումով հաղթականորեն հասնենք ուրախալի ու հաղթանակած օրվան, քրիստոնեության գլխավոր տոնին՝ Ս. Հարությանը: Օրն այս հրաշալի մի առիթ է խորհելու ու լիովին գիտակցելու, որ մենք բոլորս Քրիստոսի Մարմնի մի մասն ենք և որ Աստծո սիրո մեջ աճելու համար անհրաժեշտ է աղոթական կյանքով ապրել, որպեսզի Տերը լուսավորի մեր սրտերը, ուժ ու կարողություն տա, որ ուրիշների կյանքերում ևս Աստծո ներկայությունը զգալի դարձնենք»,- ասաց Տեր Գրիգորը:
Առաջին սրբավայրում՝ Եղեգնաձորի Ս. Աստվածածին (Ս. Սարգիս) եկեղեցում (կառուցման թվականը հայտնի չէ, վերակառուցվել է 1878 թ.), ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի մատուցմամբ: Տեր Հայրը քարոզին մասնավորաբար հորդորեց, որ, Դատավորի կիրակիի խորհրդին անսալով, անհրաժեշտ է հարատև աղոթել հանուն Քրիստոսի կամքի, հանուն սիրո, խաղաղության ու մեր երկրի բարօրության և Երկնքի Արքայությունը մեր սրտում ունենալով՝ ապրել՝ հուսալով ի Տեր:
Սիրո ճաշից հետո Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Տեր Վազգեն քահանայի ուղեկցությամբ, շարունակեց իր ուխտի ուղին՝ մեկնելով սրբավայրերով հարուստ Մարտիրոս գյուղը: Գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու (13-րդ դ.) մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված էր՝ «Յիսուս Քրիստոսի Ս. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»: Այս եկեղեցում է պահպանվում Երուսաղեմի Ս. Հարություն տաճարից բերված քարը, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի գանգը և մարտիրոսված հերոսների աճյունները: Սրբավայրում ուխտավորները մասնակցեցին Խաղաղական ժամերգությանը, ապա իրենց խոնարհումը բերեցին սրբությունների առջև:
«Երկրորդ Երուսաղեմ կոչվող այս սրբավայրում այս տարվա առաջին աղոթքը հնչեց ձեր շուրթերից: Կարևոր է, որ մեր սրբավայրերն ուխտավորներ ունենան: Եթե նկատեցիք սրբապատկերները մինչ մեր աղոթքը տխուր էին, իսկ միասնական աղոթքից հետո կարծես զվարթացան»,- ուրախությամբ ասաց Տեր Վազգենն ուխտավորներին:
Երրորդ սրբավայրը, որ ուրախությամբ սպասում էր իր ուխտավորներին, Մալիշկայի Ս. Աննան էր (2000 թ.), ուր ուխտավորները Երեկոյան ժամերգությամբ ընդհանրական աղոթք ունեցան: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և Տեր Վազգենը փոխադարձաբար շնորհակալություն հայտնեցին միմյանց՝ ուխտի աղոթական օրը միասնաբար անցկացնելու համար:
Ուխտավորների աղոթքները՝ որպես մեկ աղոթք դարձած, հայցում էր Ամենակալից՝ «Ուղիղ եղիցին աղօթք մեր որպէս խունկ առաջի քո, Տէր»: Ուխտի օրն ուխտավորների հոգում ամրագրեց աղոթքի մեջ հարատևելու գիտակցությունը և հաստատակամությունը՝ Տիրոջով զորացած անցնելու պահեցողության ընթացքը և արժանանալու Ս. Հարության լուսավոր բերկրանքին:
Կարինե Սուգիկյան