22 Օգոստոս, Եշ
- Հա՛յր, ասում են պատրաստվում են ննջեցյալների դիակներն այրել` «հիգիենայի պահպանման և հողատարածքների տնտեսման նկատառումներով»:
- Հիգիենայի պահպանման համա՞ր: Մի դրա՜նց տեսեք: Եվ չե՞ն ամաչում, որ այդպես են խոսում: Որ ողջ մթնոլորտն աղտոտել են, այդ ոչինչ, ոսկորներն են նրանց խանգարում: Բայց չէ՞ որ, ամեն ինչից զատ, դրանք նաև լվացվում, մաքրվում են: Իսկ «հողատարածքների տնտեսման» համար, մի՞թե ողջ Հունաստանում՝ իր բոլոր անտառներով հանդերձ, հնարավոր չէ տեղ հատկացնել գերեզմանոցի համար: Մի համալսարանի պրոֆեսորի «մի քանի քաղցր խոսք» ասացի այդ ամենի վերաբերյալ: Աղբի համար այդքան տեղ գտնում են, իսկ սուրբ աճյունների համար՝ ո՞չ: Ինչ է, հողի դեֆիցի՞տ է: Իսկ որքան սրբերի մասունքներ կարող են գերեզմանոցներում լինել, այդ մասին չե՞ն մտածել:
Եվրոպայում դիակներն այրում են ոչ այն պատճառով, որ թաղելու տեղ չկա, այլ, որովհետև դիակիզումն առաջընթաց են համարում: Մի փոքր պուրակ կտրելու և ննջեցյալների համար տեղ ազատելու փոխարեն, ավելի շուտ հենց նրանցից տեղը կազատեն՝ այրելով ու մոխրի վերածելով նրանց: Հետո այդ մոխիրը մի փոքրիկ տուփի մեջ են լցնում ու դա առաջընթաց համարում: Մահացածներին այրում են, քանի որ ժխտողականները ցանկանում են ամեն ինչ քայքայել, ներառյալ՝ մարդուն: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ոչինչ չմնա, ինչը մարդուն իր ծնողների, պապերի ու նախնիների կյանքի մասին կհիշեցնի: Նրանք ցանկանում են մարդկանց Ավանդությունից կտրել, ստիպել մոռանալ մյուս կյանքի մասին և կապվել այս կյանքին:
- Հա՛յր, բայց ասում են, որ Աթենքի որոշ վարչական շրջաններում նման խնդիր է ծագել, մահացածներին թաղելու տեղ չկա:
- Ախր այդքան դատարկ տարածքներ են կորչում: Մի՞թե հնարավոր չէ մի փոքր հողատարածք գտնել: Աթենքի շրջակայքում այդքան ամայի տարածություններ կան: Եվ ես կառավարության անդամներ գիտեմ, որոնք Աթենքի արվարձաններում մեծ հողակտորներ ունեն: Ինչ է, չե՞ն կարող գերեզմանոց կառուցել: Բացի այդ, Աթենքի բնակչության մեծ մասը ծնունդով այլ մարզերից են: Ինչո՞ւ ննջեցյալներին իրենց հայրենի գյուղերն ու քաղաքները չեն տանում թաղելու: Թող յուրաքանչյուրին իր ծծնդավայրը տանեն: Այնտեղ, մարզերում, թաղման ծախսերը մեծ չեն, հարկավոր է միայն դիակը տեղափոխելու համար վճարել: Թող հայտարարեն, որ նրանք, ովքեր վերջին տարիներին են Աթենք տեղափոխվել, մահվանից հետո պետք է թաղվեն այնտեղ, որտեղից եկել են: Այդպես ավելի լավ կլինի: Իսկ այն ընտանիքներին, որ երեք սերդից ավելի են մայրաքաղաքում բնակվում, պետք է քաղաքում տեղ հատկացնեն: Երբ թաղումից երեք տարի անց աճյունը գերեզմանից հանեն, թող ավելի խորը ընդհանուր գերեզմաններում դնեն: Մի՞թե դժվար է: Տես, թե ածուխ հանելու համար մարդիկ որքան խորն են հողը փորում: Թող աճյունների համար էլ մի մեծ պահոց սարքեն ու այնտեղ պահեն:
Հարգանքը բոլորովին կորել է: Միայն տես, թե ինչ է այժմ կատարվում: Զավակները սեփական ծնողներին ծերանոց են տանում: Իսկ հնում նույնիսկ ծեր ցուլերի մասին էին հոգ տանում, չէին մորթում նրանց, ասում էին. «Ախր սրանք մեզ կերակրողներն են»: Իսկ ննջեցյալներին ինչպե՜ս էին հարգում: Հիշում եմ, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վտանգի էին ենթարկվում, երբ գնում էին մահացածների դիակները թաղելու: Պարզ է, որ հոգևորականը պարտավոր էր գնալ: Բայց զինվորներն էլ էին նրա հետ գնում՝ իրենց զոհված ընկերների մարմինները ձնակույտերի, սառույցների ու գնդակների տարափի միջով տանելու: 1945թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ, բանակ զորակոչվելուց առաջ, մեր եկեղեցու պահակին օգնում էի սպանվածների մարմինները հավաքել ու թաղել: Առաջինը հոգևորականն էր գնում՝ բուրվառը ձեռքին: Հենց արկի սուլոց էինք լսում՝ ընկնում էինք գետնին: Հետո վեր էինք կենում: Հետո կրկին արկի սուլոց ու կրկին՝ գետնին: Հետո, երբ արդեն զինվոր էի, ոտաբոբիկ նստել էինք ձների մեջ ու մեզ ասացին, որ ցանկացողները կարող են գնալ ու զոհվածների կոշիկները հանել: Ոչ ոք նույնիսկ տեղից չշարժվեց: Է՜հ, անցան այն բարի ժամանակները:
Չարիքն այն է, որ իշխանություն ունեցողները լռում են ու համաձայնում այն ամենի հետ, ինչ կատարվում է: Այն ժամանակ, երբ ննջեցյալների հետ կապված այս խնդիրը ծագեց, Եկեղեցին պետք է որոշակի դիրք գրավեր ու իր տեսակետն արտահայտեր, որպեսզի խնդիրը լուծվեր, որովհետև (իր լռությամբ) Եկեղեցին այս աշխարհի մարդկանց հնարավորություն է տալիս հոգևորին խառնվել ու մտքներին եկածն ասել: Իսկ դա անպատվություն է: Եվ ինչպե՞ս ներկա աշխարհն Աստծո օրհնությունն ունենա: Այս ո՜ւր ենք հասել: Աստիճանաբար ուզում են մարդուն իր արժանիքներից զրկել: Է՜հ, բայց ննջեցյալների համար նույնիսկ ավելի շատ տեղ կա, քան բավարար է:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի