22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ
Հայոց պետականության անկախության հռչակման տոնի, հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միության խորհրդանիշի՝ մյուռոնի օրհնության սրբազան արարողությամբ նշանավորված սեպտեմբեր ամիսն այս տարի նաև նշանակալից էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր քահանաների համար: Տասը տարի առաջ այս ամսին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար քահանաներ՝ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը և Տեր Վահան քահանա Առաքելյանն արժանացան քահանագործության գերագույն պատվին: Շնորհավորում ենք Ձեզ, Տեր Հայրեր, Աստված զորացնի և քաջալերի Ձեզ առաքելաշավիղ ընթացքի և ավետաբերներ լինելու կոչման մեջ՝ ի ուրախության Ձեզ վստահված հոտի. «Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և Քո փրկության մասին հայտնում՝ ասելով Սիոնին, թե՝ «Քեզ վրա թագավորելու է Աստված»» (Եսայի 52:7):
Տեր Վահան, 2005 թ-ի սեպտեմբերի 25-ին, Սուրբ Խորանի առջև հանձն առաք և ուխտեցիք Աստծո պատգամաբերը լինելու, ընդունելու քահանայության կոչումը, որ մարդկանցից չէ, այլ Աստծուց: Թող Աստծո պահապան Աջն Իր օգնող գավազանով Ձեզ նեցուկ և ապավեն լինի Ձեր առաքելությունն իրագործելու նվիրական ճանապարհին:
Տեր Հայր, ե՞րբ լսեցիք այն ներքին կանչն ու Աստծո կոչը, որ ուղղորդեց Ձեզ մի այլ կյանքի՝ քահանայագործելու, ե՞րբ բացահայտեցիք Ձեր մեջ սերը դեպի Սուրբ Խորանը:
Աստծո արարչագործության պսակը մարդն է: Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով ու նմանությամբ: Աստծո պատկերը կրելով՝ մարդը պարտավորություն ունի Աստծո ներկայությունն ունենալ իր կյանքում, իր անձի մեջ և Աստծո ներկայությամբ է պայմանավորված մեր քրիստոնյա լինելը: Մարդը սերտորեն կապված է իր արարչի հետ և այդ կապի միջոցով է, որ արժանանում ենք Աստծո կոչին: «Ե՞րբ» հարցին ժամանակ նշել չեմ կարող, քանի որ մանկությունից սկսած ես Աստծո հետ եմ, Աստված իմ հետ: Տարիքի հետ աճող գիտակցությունն ու հավատքը և Աստծո նախախնամությունն ինձ արժանացրեց քահանայության:
Սուրբ Խորանը սիրել՝ նշանակում է սիրել և ծառայել Աստծուն:
Ավետարանի մշակի առաքելությունը սուրբ է և գերիվեր մարդկային ամեն տեսակ առաքելություններից: Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ հոգևոր մշակին հոգևոր անդաստանում սերմանելու և մշակելու պատասխանատու առաքելության մեջ:
Յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի իր կյանքում: Ավետարանի մշակի պատիվն իր առաքելությունն է. առաքելություն, որ տրված է երկնավոր Տիրոջից. «Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսս»: Քրիստոսի այս խոսքը պատգամ է հոգևորականին:
Աշխարհի անդաստանի մեջ բազում փորձություններ կան, իսկ աշխարհի անդաստանը հոգևոր անդաստան դառնալու համար անհրաժեշտ է հավատք, հույս և սեր. կարևոր է, որ այս շնորհներն իր հոգում կրի յուրաքանչյուր հայորդի: Որպես Աստծո սպասավոր՝ իմ պարտքն է սերմանել Աստծո խոսքը:
Սպառազինությունը ներքին հոգևոր զորությունն է, Աստծո ներկայությունը հոգուդ մեջ, և բնականաբար, Աստծով զորացած, Աստծո օրհնությամբ իմ ծառայությունն եմ մատուցում իմ Սուրբ Եկեղեցուն և իմ ժողովրդին:
Ո՞րն է Աստծո կողմից Ձեզ տրված լավագույն պարգևը:
Լավագույն պարգևը Տիրոջ կողմից ինձ տրված այն ժամանակն է, որին կոչում ենք կյանք: Աստված մարդուն տվել է ժամանակ ապաշխարելու և բարիք գործելու համար: Աստծո պարգևն արժևորելով՝ մենք իմաստավորում ենք մեր կյանքը: Ապրելով է, որ արարում ու ստեղծում ենք բարին և աստվածահաճո կյանքը մեզ կարժանացնի Աստվածապարգև հավիտենական կյանքի:
Քահանայագործությունը կյանքի խորհուրդն ու իմաստն է իմ համար: Գոհություն եմ վեր առաքում առ Աստված, քահանայագործության այս տասը տարիների համար: Տարիներ, ժամանակ, որ մեծագույն պարգևն է ինձ՝ Աստծուց:
«Դուք եք աշխարհի լույսը և երկրի աղը»,- ասել է Քրիստոս յուրաքանչյուրիս: Ինչպե՞ս լինել աշխարհի լույս և իրական աղ այսօրվա մեր միջավայրում:
Քրիստոս աշխարհ եկավ որպես Լույս: Քրիստոսին հետևողը՝ քրիստոնյան, Քրիստոսի Լույսի կրողն է:
Լույսն ու աղը և՛ նյութական, և՛ հոգևոր իմաստով կարևոր հանգամանքներ են մեր կյանքում:
Քրիստոնեությունը կյանք է: Հավատալով ու հետևելով Քրիստոսին՝ կարող ենք դառնալ և լինել լույս ու աղ: Կյանքի պայծառությունը և կյանքի համը մշտապես պետք է առկա լինի քրիստոնյայի կյանքում: Եվ այսպիսով, մերօրյա միջավայրում մարդ կլինի աշխարհի լույս և իրական աղ: Հակառակ հարափոփոխ աշխարհային բարքերին՝ քրիստոնեական Սուրբ հավատքը մնայուն ու զորավոր կերպով պետք է արտահայտվի քրիստոնյայի կյանքի ու գործի մեջ:
Տեր Հայր, Ձեր բարեմաղթանքը՝ հավատացյալ հայ ժողովրդին:
Հայցում եմ ամենակարող Տիրոջ օրհնությունն ու պահպանությունը մեր հավատավոր զավակների համար:
Մաղթում եմ, որ հայ ժողովուրդն իր Արարչի ներկայությունը մշտապես ունենա իր կյանքում, հավատարիմ մնա հոգևոր ու ազգային սրբազան արժեքներին և շարունակի իր ընթացքն այն ճանապարհով, որ նախանշել է Տեր Հիսուս Քրիստոս:
Եվ թող Տերը զորացնի մեր բոլորի հավատքը. ամեն:
Կարինե Սուգիկյան