22 Օգոստոս, Եշ
Մի կրոնավոր հաց թխեց և կամեցավ հացի կանչել մի ծերի, որն իրենից հեռու էր տասը մղոն: Բայց հետո ասաց. «Նրան հոգնություն չպատճառեմ»: Եվ վերցնելով հացը՝ տարավ նրան և ճանապարհին ոտքը խփեց քարին, և շատ արյուն հոսեց: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, քանզի ամեն քայլափոխի համար քո վարձը կստանաս, և ես այս արյունը կտանեմ Աստծո առաջ որպես մեծագույն ընծա»: Եվ երբ եկավ ծերի մոտ, պատմեց նրան այս դեպքը, և դա հայտնի դարձավ: Մեկ ուրիշը, նախանձախնդրությունից շարժված, ինքն էլ կամեցավ նույնն անել և հաց տանել ծերին: Սրանք հանդիպեցին միմյանց, և առաջինն ասաց. «Ինչո՞ւ խլեցիր իմ գանձը»: Եվ մյուսն ասաց. «Որքա՞ն է նեղ ճանապարհն ու դուռը, որ միայն դու ես կամենում մտնել»: Եվ Տիրոջ հրեշտակը երևալով նրանց` ասաց. «Ձեր վեճը անուշ բուրմունք է Աստծո առաջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016