22 Օգոստոս, Եշ
Եգիպտոսում մի ծեր կար՝ մեծ պատվի ու անվան տեր: Երբ Սկյութայից հայր Պիմենն այնտեղ գնաց, այդ երկրի մարդիկ, թողած այն ծերին, եկան հայր Պիմենի մոտ: Իսկ հայր Պիմենը, խիստ նեղված այս բանից, իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ անենք այն մեծ ծերին, քանզի ցավ պատճառեցին մեզ մարդիկ, որ թողեցին ծերին և դիմեցին մեզ, իսկ այժմ ինչո՞վ կարող ենք բուժել ծերի հոգին»: Եվ եղբորն ասաց. «Պատրաստե՛ք մեզ կերակուր և առե՛ք ամանով գինի, գնա՛նք նրա մոտ և ճաշակե՛նք նրա հետ, գուցե այսպիսով բուժենք նրա սիրտը»: Վերցրին կերակուրն ու գինու կուժը իրենց հետ և գնացին ծերի մոտ: Եվ երբ բախեցին դուռը, դուրս եկավ նրա աշակերտը և ասաց. «Որտեղի՞ց եք»: Ասացին նրան. «Ասա՛ ծերին, թե Պիմենն է եկել, որ օրհնվի քեզանից»: Եվ նա գնաց և ասաց ծերին, իսկ նա պատվիրեց ասել. «Գնացե՛ք, որովհետև ես զբաղված եմ»: Իսկ նրանք տոթին կանգնած` ասացին. «Եթե ծերին չտեսնենք, չենք գնա այստեղից»: Երբ ծերը տեսավ նրանց խոնարհությունն ու համբերությունը, զղջաց և բացեց դուռը նրանց առաջ, և նրանք ներս մտնելով` սիրով ճաշակեցին միասին: Եվ երբ ուտում էին, ծերն ասաց. «Իսկապես, ոչ միայն լսել էի ձեր մասին, այլ առավել ևս տեսա ձեր գործերը, սերն ու խոնարհությունը»: Եվ սիրելիներ եղան միմյանց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016