22 Օգոստոս, Եշ
Ամեն մարդ, իր աղոթքով, իր (քրիստոնեական) կյանքով, պետք է սրբագործի իր աշխատանքը և ինքն էլ օրհնվի: Իսկ եթե աշխատավայրում ուրիշ մարդիկ են ենթարկվում նրան և նա պատասխանատվություն է կրում նրանց համար, ապա պետք է նաև հոգևոր կերպով նրանց օգնի: Եթե ինչ-որ մեկը ներքուստ բարի վիճակում է գտնվում, ապա իր աշխատանքը ևս օրհնվում է: Օրինակ՝ եթե պատանիները վարպետի մոտ են գնում, որպեսզի իր գործը նրանց սովորեցնի, ապա պետք է միաժամանակ օգնի նրանց հոգևոր կյանքով ապրել: Այդպիսի վերաբերմունքը և՛ վարպետին կօգնի, և՛ նրա ստորադասներին, և՛ նրա հաճախորդներին, որովհետև Աստված կօրհնի նրա աշխատանքը:
Յուրաքանյուր մասնագիտություն կարող է օրհնված* լինել: Օրինակ՝ բժիշկը չպետք է մոռանա, որ բժշկության մեջ գլխավորապես Աստծո շնորհն է օգնում: Այդ պատճառով էլ նա պետք է աշխատի Աստվածային շնորհի անոթը դառնա: Բժիշկը՝ լավ, բարի քրիստոնյա ու միաժամանակ լավ մասնագետ լինելով՝ հիվանդներին օգնում է իր բարությամբ և հավատքով, քանի որ նրանց ներշնչում է արիությամբ ու հավատով վերաբերվել իրենց հիվանդությանը: Լուրջ հիվանդության դեպքում այդպիսի բժիշկը կարող է հիվանդին ասել. «Բժշկությունը՝ որպես գիտություն, հասել է ահա այս մակարդակին: Սակայն, այնտեղ, որտեղ մարդակային գիտելիքները չեն բավարարում՝ կա Աստված, Ով հրաշքներ է գործում»:
Իսկ ուսուցիչը պետք է ջանա իր ծառայությունն ուրախությամբ կատարել և երեխաներին օգնել իրենց հոգևոր վերածծնդի հարցում, քանի որ ոչ բոլոր ծնողներն են ի զորու երեխաների հոգևոր վերածնունդով զբաղվել, եթե նույնիսկ նրանք բարի տրամադրվածություն ունեն: Ուսուցիչը, երեխաներին գիտելիքներ տալով՝ միաժամանակ պետք է աշխատի, որպեսզի նրանք իսկական մարդ դառնան: Այլապես ի՞նչ օգուտ կլինի նրանց սովորած գրագիտությունից: Հասարակությունը ճիշտ մարդկանց կարիքն ունի, որոնք լավ կանեն այն գործը, որով զբաղվում են: Ուսուցիչը ոչ միայն պետք է հետևի, թե արդյո՞ք դասը լավ է յուրացվել, այլև՝ ուշադրություն դարձնի աշակերտների առաքինություններին և դրական կողմերին, որպիսիք են՝ պատկառանքը, բարությունը, բարեպաշտությունը: Աստծո նշանակած գնահատականները միշտ չէ, որ համընկնում են ուսուցիչների նշանակածների հետ: Ինչ-որ մեկի երկուսն Աստծո համար կարող է հինգին գումարած լինել, իսկ ինչ-որ մեկի հինգին գումարածն Աստծո համար՝ երկուս:
* Բնականաբար բացառությամբ այն մասնագիտությունների, որոնք անհամատեղելի են քրիստոնյայի կոչման հետ և որոնք առանձնապես շատ են մեր ժամանակներում, օրինակ՝ կողոպտիչ, գող, անբարոյություն տարածող, վաշխառու, գուշակ-կախարդ, աբորտ անող բժիշկ, ֆոտոմոդել, խեղկատակ-ծաղրածու և այլն: Այդպիսի մասնագիտությունները ոչ միայն օրհնված չեն կարող լինել, այլև՝ ապաշխարությամբ բժշկություն են պահանջում:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի