22 Օգոստոս, Եշ
Հոկտեմբերի 12-13-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում տեղի ունեցավ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի սեմինարը, որը վարեց Ռոստով քաղաքից ժամանած նախկին թմրամոլ Վլադիմիր Զուրնաջին: Մինչ սեմինարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին՝ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի ներկայացուցիչներին, և սեմինարի մասնակիցներին, ովքեր ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից և Աբխազիայից:
«Ողջունելի է երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի գործունեությունը, որ «12 քայլ» ծրագրի միջոցով նպատակ ունի յուրաքանչյուր անդամի քաջալերելու, որ կարիք չկա թաքնվել խնդիրը լուծելու դժվարություններից, այլ անհրաժեշտ է Աստծո օգնությանն ապավինելով՝ քայլ առ քայլ գտնել խնդրի լուծման ելքերը: Արտերկրում գործող խմբերի փորձառությունը ցույց է տալիս, որ «12 քայլ» ծրագրի միջոցով նվազում է ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը»,- ասաց Տեր Գրիգորը:
Տարբեր երկրներից ժամանած նախկին թմրամոլները մեծ սիրով պատրաստ էին իրենց փորձառությունը ներկայացնել երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի անդամներին: Սեմինարի առաջին օրը քննարկվեց «Նորեկը անանուն թմրամոլների խմբում» թեման, թե ինչու է նորեկը խմբի ամենակարևոր անդամը, ինչպիսին պետք է լինի նորեկի հանդեպ վերաբերմունքը, ինչ կերպերով կարելի է օգնել նրան: Սեմինարի մասնակիցներից յուրաքանչյուրն իր պատմությունը ներկայացրեց: «Մեր ցանկությունն է, որ թմրադեղից կախվածություն ունեցողները հնարավորինս շուտ ազատվեն այդ հիվանդությունից: Այսօր Երևանում ենք, քանի որ մեզ էլ ժամանակին՝ որպես նորեկների, ձեռք են մեկնել և օգնել: Նորեկին օգնելով՝ մենք մեզ ենք օգնում և մաքուր մնում: Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ունեմ որևէ մեկին օգնելու»,- ասաց մասնակիցներից մեկը: Իսկ մեկ ուրիշ մասնակից կարևորեց նորեկի հանդեպ մեծ ուշադրությունը՝ նշելով, որ ինքը «Անանուն թմրամոլներ» խմբում իրեն երբեք մենակ չի զգացել, այսօր էլ նույն կերպ է վարվում և վստահ է՝ տալով է, որ հնարավոր է ստանալ:
Սեմինարի երկրորդ օրը քննարկվեց, թե ինչպես պետք է վարել «Անանուն թմրամոլներ» խումբը, որպեսզի այն վստահություն ներշնչի նորեկին և օգնի նրան:
Նշենք, որ երևանյան «Անանուն թմրամոլներ» խումբն արդեն երկու ամիս է, ինչ գործում է՝ իրագործելով «12 քայլ» ծրագիրը: Խումբն ամսվա ընթացքում երեք փակ և մեկ բաց խումբ է ունենում:
Ողջ աշխարհում բավականին արդյունավետ է գործում քրիստոնեական սկզբունքների վրա հիմնված «12 քայլ» ծրագիրը, որ կազմել են բուժման ելքեր փնտրող մի քանի ալկոհոլամոլներ ԱՄՆ-ում 1935թ-ին: Ծրագիրը նպաստում է անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը:
Կարինե Սուգիկյան